Զուրաբյանի բլթերի էստաֆետը՝ մեկ հարցազրույցում

Posted: Մայիսի 22, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , , , , , , , ,

Էսօր ուզում եմ անդրադառնալ իմ «սիրելի» ՀԱԿ-ի ոչ պակաս «սիրելի» համակարգող Լևոն Զուրաբյանի փառահեղ հարցազրույցին, որը նա տվել է Ազատություն ռադիոկայանին՝ մասնավորապես անդրադառնալով ՀԱԿ-ը լքող կուսակցությունների հարցին։ Կանդրադառնամ մաս-մաս՝ անելով ակնարկներ։ Դե գնացինք.

Տարակարծություններ միշտ էլ եղել են, բայց որ անհաղթահարելի տարաձայնություններ կան, որոնց պատճառով որեւէ ուժ ցանկացել է դուրս գալ ՀԱԿ-ից, դրա մասին երբեւիցե ոչ ոք չի բարձրաձայնել քաղխորհրդում: Ավելին ասեմ՝ ՀԱԿ-ից դուրս գալու որոշման մասին մենք իմացել ենք մամուլից: Մեզ հետ ոչ ոք չի խոսել, ոչ ոք չի զգուշացրել նման քայլի մասին. սա արդեն ինչ-որ բան նշանակում է։

Ես չեմ ցանկանում մտնել փոքր եսասիրական հարցերի քննարկման մեջ: Իրենք թող բացատրեն, թե ինչն է իրենց որոշման հիմքում ընկած։

Ալյոոոո, Զուրաբյան ջան, իրանք ասել են, թե ինչն է որոշման հիմքում. ոմանք դեմ են եղել այն քաղաքականությանը, որը վարում է ՀԱԿ-ի «պալիտբյուրոն», այդ թվում նաև հենց Զուրաբյանը ՀԱԿ-ի ներսում, ոմանք համաձայն չեն եղել այն բանի հետ, որ ՀԱԿ-ը վերցրել է մանդատները, ոմանք համաձայն չեն եղել ԲՀԿ-ի հետ տեղ գտած նախընտրական ու հետընտրական սիլիվիլիներին… ու սենց էլի։ Իսկ այն փաստը, որ ՀԱԿ համակարգողը իմանում է նման նորությունները մամուլից խոսում է առաջին հերթին նրա մասին, որ ինքը թերանում է իր ֆունկցիոնալ պարտականությունների կատարման մեջ, որովհետև աչքաթող է արել նման ներկուսակցական զարգացումները, բայց դե անձամբ ես չեմ հավատում, որ Զուրաբյանը տեղյակ չի եղել էս խմորումներից։

Մեր մանդատները զուլալ, ժողովրդի ձայնով ձեռքբերված մանդատներ են: Ոչ գողացված են, ոչ ընտրակաշառքով են ձեռքբերված, ոչ էլ սպառնալիքով ու քաղաքական հետապնդումով: Անգամ այս փոքր հաղթանակը մեծ կարեւորություն ունի եւ ժողովրդին հույս է ներշնչում: Իսկ մանդատները վայր դնելը կլիներ ամենամեծ արհամարհանք սեփական ժողովրդի նկատմամբ:

Փաստորեն Զուրաբյանի ասելուց կարելիա եզրակացնել 2 տարբերակ. կամ 2007 թվականին Ժառանգության ստացած ձայները զուլալ չէին ու դրա համար պետք էր իրանց տարիներ շարունակ քլնգել, որ իրենք չհրաժարվեցին իրենց մանդատից, կամ էլ մենակ ՀԱԿ-ինա կարելի չհրաժարվել մանդատներից, որովհետև ՀԱԿ-ը անթերիա։

2008-ին մեկ տասնյակից ավելի ուժեր Կոնգրեսին շարքերում միավորվել են կոնկրետ նպատակների շուրջ` այդ թվում քաղբանտարկյալների ազատ արձակման, հավաքների ազատ անցկացման, արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացման եւ այլն:
Այդ նպատակներից մի մասը կատարվել են, մյուս մասը՝ ոչ, եւ այժմ նոր հանգրվանային իրավիճակում անդամ կուսակցությունները վերագնահատում են իրենց անցած ուղին եւ փորձում են գտնել իրենց քաղաքական ծրագրերի համար ավելի նպատակահարմար ճանապարհ։ Իմ կարծիքով` այդ մարտավարությունը իրենց ոչ մի բան չի տալու: Բայց ժամանակը ցույց կտա, թե իրականում այս գնահատականներում ով է ճիշտ: ՀԱԿ-ը, վստահ եմ, նման քայլերից բացարձակապես չի տուժում, որովհետեւ Կոնգրեսն արդեն վաղուց կայացել է որպես ոչ թե ընդամենը տասնը…քանի կուսակցությունների ֆորմալ դաշինք, այլ շատ վաղուց վերածվել է համաժողովրդական շարժման, որտեղ անկուսակցականները մի քանի անգամ ավելի մեծ թիվ են կազմում, քան կուսակցականները: Կոնգրեսը ապահովել է թարմ, երիտասարդ, դինամիկ ուժերի մուտքը, ուստի բնական եմ համարում, որ որոշ քաղաքական ուժեր, որոնք եւ սպառված են, եւ հոգնած են, ի վիճակի չեն նման գործունեությամբ զբաղվել։

Դե ինչպես միշտ կիրառվումա մաքուր կոնգրեսական լոգիկա, երբ մեղավոր են բոլորը, բացի հենց իրենցից, սակայն ինձ հատկապես զվարճացրեց այն հայտարարությունը, որ ՀԱԿ-ը ապահովել է թարմ, երիտասարդ, դինամիկ ուժերի մուտքը քաղաքականություն։ Ախր ես չեմ, դուք եք, բացատրեք նվաստիս, թե էդ կոնգրեսի մեջ ո՞վ էր թարմ ու երիտասարդ։ Չլինի՞ Բագրատյանն ու Ջհանգիրյանը, թե՞ նույն Արամ Սարգսյանն ու Ստեփան Դեմիրճյանը… հաաաաա, երևի հենց Զուրաբյաննա թարմ ու երիտասարդ… Լավ էլի Զուրաբյան ջան, ոնց նայում եմ, հին ՀՀՇ-ականների եմ տեսնում կամ էլ քաղաքական պալեոլիթի դարաշրջանի այլ կերպարների։

Շատերը հույսեր են փայփայել, որ նստելով Կոնգրեսի գնացքը, հասնելու են իրենց քաղաքական կարիերայում ինչ-որ բարձունքների, բայց երբ տեսնում են, որ պրոցեսը մի քիչ դանդաղ է ընթանում առաջ, չեն դիմանում, դա էլ է շատ բնական: Այդ առումով շատ կարեւոր եմ համարում, որ շարժումը զուլալվում է. պատեհապաշտները, թույլերը, հուսահատվածները, վհատվածները, հեռանկար չտեսնողները կամաց-կամաց գնում են շարժումից ՝ ճանապարհ բացելով էներգիայով լի, նոր մտածողություն ունեցող մարդկանց։

Լավ էլի, Զուրաբյան ջան, մի հարթուկի գլուխներս։ Դանդաղել էլ կա, դանդաղել էլ, առավել ևս, որ հարցը դանդաղելը չի էդքան, ինչքան այն անհետևողականությունը, որ կոնգրեսը դրսևորեց 2008-ից ի վեր։ Էնքան անհետևողական էիք, որ անգամ ձեր գլխավոր թիրախը Քոչարյանից փոխեցիք դեպի Սարգսյան, իսկ օրինակ Ծառուկյանին «ավազակապետության» ջատագովներից մեկին վերածելուց անցաք նրան «բարի քեռի» դարձածի իմիջ ստեղծելուն։ Ու էսքանով հանդերձ, դուք ակընկալում եք, որ մարդիկ պետքա անվարան մնային էն կալամաշկում, որ դուք ՀԱԿ-ի գնացք եք անվանում…

Նոր ուժային կենտրոն կարող են ձեւավորել ՀԱԿ-ը, մնացած ընդդիմադիր ուժերը, ինչու ոչ՝ իշխանական կուսակցություններում էլ կարող են լինել այս մտահոգությունը կիսողներ, եւ ի վերջո՝ անկուսակցական հայ մարդիկ կարող են այս ուժային կենտրոնում տեղ ունենալ: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, մենք մնում ենք ՀԱԿ-ի կազմում: Լեւոն Տեր-Պետրոսյանը պարտավոր է 2008-ին սկսած գործընթացն ավարտին հասցնել։

Հետաքրքիրա, Զուրաբյանը իրո՞ք չի հասկանում, որ չի կարող ամեն ինչ կրկնվի 2008- սցենարով, երբ մարդկանց հավատը ու իդեալները կոտրվեցին նաև այն անողնաշարավորների գործողությունների շնորհիվ, ում մարդիք հավատացին անվերապահորեն ու դուրս եկան փողոց, իսկ արդյունքում ստացան հիասթափություն ու մի վագոն «լավ կլինի»-ի կարգի խոստումներ։

Էհ, ՀԱԿ-ն էլ դառավ Օրինաց Երկիր, ինչ համար մենակ ափսոսալ կարելի է։

Հ.Գ. Շնորհակալություն Haynews.am-ին հարցազրույցի սղագրության համար։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s